Անմոռուկի անվան ստուգաբանության հիմքում տարբեր լեզուներով միևնույն իմաստն է` «ՀԻՇԻ՛Ր», որն էլ հարյուրամյա տարելիցի հիմնական ուղերձն է: Բացի այդ, ծաղիկը միջնադարում համարվել է Աստծո ներկայության խորհրդանիշը: Անմոռուկը հնգաթերթ է. յուրաքանչյուր թերթիկ խորհրդանշում է այն 5 մայրցամաքը, որտեղ հանգրվանել են ցեղասպանությունից մազապուրծ հայերը:
Սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափն ու ցեղասպանության մասին հիշողությունը: Դեղինը պատկերում է արևի լույսը, որն ապրելու և արարելու հույս է տալիս: Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը խորհրդանշում է Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելը: Իսկ գերակշռող մանուշակագույնը տարածված է հայկական ինքնագիտակցության հիմքում՝ հայ առաքելական եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում: